«Թանկագին Նիկոլ...». Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին

Ֆրանսիայի նախագահն իր ուղերձում խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի և հայ–ֆրանսիական հարաբերությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Պարոն վարչապետ, թանկագին Նիկոլ, Ֆրանսիայի Հանրապետության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր քաղաքական կուսակցության արձանագրած հաջողության առթիվ։ Ընտրական այս գործընթացն ի ցույց դրեց հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն լիազորությունների կատարման գործում»,– նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը, օգտվելով առիթից, ընդգծել է երկկողմ հարաբերությունների վաղեմությունն ու որակը։

«Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում, որոնց միջոցով դուք ցանկանում եք բարձրացնել տնտեսության արդյունավետությունն ու հայ ժողովրդի բարեկեցությունը։ Վստահ եղեք նաև, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակելու է հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, արդարացի և տևական կարգավորմանը»,– իր ուղերձը եզրափակել է Մակրոնը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ երեք ուժ է անցել` «Իմ քայլը» դաշինքը (88 մանդատ), ԲՀԿ–ն (26 մանդատ) և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (18 մանդատ)։