Նորատուսցի Ալիկն արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից

Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել պատժի կրումից, իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես ազատ է արձակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Ալիկ Բանդուրյանը կամ ավելի հայտնի Նորատուսցի Ալիկն այսօր արդարացվեց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։

Ինչպես տեղեկացնում է Pastinfo.am–ն, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր հրապարակվել է Չարբախում՝ գեղեցկության սրահում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռը։

Շաքրո Մոլոդոյը դատարանում խաչբառ է լուծել. փաստաբանը բացատրել է պատճառը

Դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը, արդարացվել և ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել պատժի կրումից,  իսկ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Ալիկ Բանդուրյանին  մեղադրանք էր առաջադրել մի խումբ անձանց կողմից դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելու համար, իսկ ՉարբախցիԳեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին՝ սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից հոդվածով:

Մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Գևորգ Գևորգյանը միջնորդել էր Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8, Չարբախցի Գեղամին՝ 14, իսկ Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում  գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել էր: