Փաշինյան vs Լուկաշենկո. ՀԱՊԿ–ի գործունակությունը

Բելառուսի հարցերով փորձագետը կարծում է, որ էմոցիոնալ «փոխհրաձգությունները» սկսվեցին Փաշինյանի հայտարարություններից հետո, իսկ Հայաստանում իրավիճակին այլ կերպ են նայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Երևանի և Մինսկի դիվանագիտական փոխհրաձգությունը նոր փուլ է մտել, Բելառուսի նախագահի «հայտնությունները» Հայաստանի վերաբերյալ էլ ավելի են սրել երկրների միջև առկա լարվածությունը։

Լուկաշենկոն ցանկանում է պառակտում մտցնել Հայաստանի քաղաքական դաշտում. փորձագետ

Ավելի վաղ Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպմանը պատմել էր, թե ինչպես է ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին ինքը Փաշինյանին հարցրել, թե ինչու է նա Բելառուսին քննադատում Բաքվին զենք մատակարարելու համար, սակայն լռում է այն մասին, որ Ռուսաստանը Ադրբեջանին սպառազինության վաճառքի ծավալներով առաջին տեղն է զբաղեցնում։ Ի պատասխան Լուկաշենկոյի հայտարարությանը Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հայտարարեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումների ընթացքում մշտապես բարձրաձայնել է Ադրբեջանին ռուսական զենք մատակարարելու խնդիրը։

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի քաղաքական տեսության ամբիոնի դոցենտ, Բելառուսի հարցերով փորձագետ Կիրիլ Կոկտիշը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման «ջերմ զրույցի» համար կարող էր հիմք հանդիսանալ Փաշինյանի` ՀԱՊԿ–ի վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարությունների հետ կապված  բավական էմոցիոնալ ելույթը, ինչպես նաև այն տեսակետը, թե ինչու այդ պաշտոնում պետք է Բելառուսի ներկայացուցիչ լինի։

«Սերժն ասաց` ոչ, մենք դրան չենք գնա». Լուկաշենկոն խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին

Նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մտադիր է բացատրություն պահանջել Բելառուսի նախագահ` Ալեքսանդր Լուկաշենկոյից և Ղազախստանի նախագահ` Նուրսուլթան Նազարբաևից` ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղարի վերաբերյալ նրանց արտահայտությունների համար։ Բանն այն է, որ Լուկաշենկոն ավելի վաղ Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովին բացահայտել էր Աստանայում նոյեմբերի 8-ին տեղի ունեցած փակ քննարկման մանրամասները, իսկ Նազարբաևը ՀԱՊԿ–ի գագաթնաժողովի արդյունքներով ասել էր, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը։

Կոկտիշի խոսքով` Լուկաշենկոն ի պատասխան ավելի շատ մանրամասներ հայտնեց Արցախի նուրբ հարցի առանձին դետալների վերաբերյալ։

Մյուս կողմից` հասկանալի է, որ Արցախյան հիմնախնդրի ցանկացած լուծում հիմնված է լինելու փոխզիջումների վրա։ Իսկ դա բավական ցավագին է ընկալվում և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, ինչը բնական է։

Նազարբաևը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցել է Բելառուսի թեկնածուին

Միևնույն ժամանակ Կոկտիշը համաձայն չէ հայ հասարակության շրջանում հնչող այն կարծիքի հետ, թե Բելառուսը առաջ է մղում Ադրբեջանի շահը։

«Քաղաքական կողմնապահության մեղադրանքներ որևէ երկրի հասցեին, որը թույլ է տալիս իրեն Արցախի և հայ–ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ինչ–որ արտահայտություններ անել, երկու կողմերից էլ լինում են։ Դա այսօրվա իրականության մեջ անխուսափելի է», – նշեց Կոկտիշը։

Նա հավելեց, որ դա ավելի արտահայտիչ է դառնում, քանի որ խնդիրը շատ զգայուն է։

Քաղաքագետի կարծիքով, հազիվ թե փորձառու քաղաքական գործիչները այդ հարցում որևէ մեկի կողմը զբաղեցնեն, հասկանալով, որ և՛ ԱՊՀ–ում, և՛ ՀԱՊԿ–ում ընդհանուր խաղադրույք է արվում խաղաղ գոյատևման և տարածաշրջանի զարգացման վրա։

Հայաստանում փորձագետները հարցին այլ կերպ են նայում։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ, քաղաքագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ Լուկաշենկոն ձգտում է արհեստական լարվածություն մտցնել հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունների մեջ` միանգամից երկու նպատակ հետապնդելով։

ՀԱՊԿ անդամների Բաքվի հետ «սիրախաղը». ինչո՞վ կավարտվի Երևան–Մինսկ «հրետակոծությունը»

«Առաջինը` Բելառուսի նախագահի հակահայկական հայտարարությունները, ըստ էության, ուղղված են ոչ այդքան Երևանի, որքան Ռուսաստանի դեմ», – ասաց Վերանյանը։

Երկրորդը. նրա կարծիքով, Լուկաշենկոն առաջ է մղում Անկարայի և Բաքվի շահերը, ինչը մեսիջներ է ենթադրում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի դեմ։

Քաղաքագետ  Ալեն Ղևոնդյանը, իր հերթին, առաջարկում է հիշել «Ուզբեկստանի քեյսը»։ Տաշքենդը, ժամանակին, ՀԱՊԿ անդամ լինելով, չէր մասնակցում մի շարք հանդիպումների և  զորավարժությունների, սաբոտաժի էր ենթարկում որոշումները։

«Դրա արդյունքում, կարծես թե, հենց Նազարբաևն էր առաջարկել ուզբեկներին դուրս գալ կազմակերպությունից։ Ի դեպ, Իսլամ Քարիմովը (Ուզբեկստանի առաջին նախագահ – խմբ.) հանդիպումների ընթացքում առանձնանում էր գործընկերների նկատմամբ իր սուր քննադատություններով», – նշեց Ղևոնդյանը։

Նրա կարծիքով` Լուկաշենկոյի տրամաբանությունը հետևյալն է. նա փաստորեն ուզում է Հայաստանի իշխանություններին ցույց տա, որ նրանք երկու ճանապարհ ունեն. կա՛մ քվեարկել Մինսկի թեկնածության օգտին, «կուլ տալով տեղի ունեցածը», կա՛մ Երևանը ՀԱՊԿ–ում անելիք չունի։

Փաշինյան-Լուկաշենկո հակամարտությունը. ՀԱՊԿ-ում համակարգային սխալներ կա՞ն

Երևանի և Մինսկի դիվանագիտական վեճը սկսվեց այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 6-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտարարեց, որ կողմերին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի վերաբերյալ, այն կարող է լինել «Բելառուսի ներկայացուցիչը»։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը հերքեց Բելառուսի առաջնորդի խոսքերը, ասելով, որ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ։ Նրանից հետո նմանատիպ մեկնաբանություն արեց նաև Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր էր մնացել Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո։

Հայրենիքում  նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ։