Զինվորի աչքը վնասել է ծառայակիցը. Արցախում տեղի ունեցած դեպքի մանրամասները

19 տարեկան Ռաֆիկ Վահանյանը վնասվածքը ստացել է Արցախում։ Նախնական տվյալներով՝ զինծառայողներից մեկը տեղյակ չի եղել, որ ատրճանակի մեջ ազդանշանային հրթիռ կա և վնասել է ծառայակից ընկերոջ աչքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պարզե

լու՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքի շրջանում վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հրազենային վնասվածք ստացած զինվորին Ստեփանակերտից տեղափոխում են Երևան

Զինծառայողը վնասվածքը ստացել է 2018թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, համածառայակցի կողմից ազդանշանային ատրճանակի ձգանը սեղմելու հետեւանքով։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը տեղյակ չի եղել, որ ատրճանակի մեջ կա ազդանշանային հրթիռ, որի հետեւանքով արձակված հրթիռը վնասել է համածառայող ընկերոջ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքը:

Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։

19 տարեկան Ռաֆիկ Վահանյանը վնասվածքը ստացել է Արցախում, նրան տեղափոխել են Երևանի զինվորական հոսպիտալ։