«Առաջիկայում պարզ կդառնա». Արտակ Զեյնալյանը` իր պաշտոնավարման մասին

«Մենք» դաշինքը ընտրությունների արդյունքները վերահաշվարկ կատարելու կամ բողոքարկելու հիմքեր չի տեսնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. «Առաջիկայում պարզ կդառնա՝ արդյո՞ք ես կշարունակեմ պաշտոնավարել, թե ոչ»։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

«Նախարարի պաշտոնը քաղաքական է, այն մեծապես պայմանավորված է մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի և վարչապետի հայեցողությամբ»,–ասաց Զեյնալյանը:

«Բոլորին կոչ եմ անում իրացնել պետական կառավարմանը մասնակցելու իրենց իրավունքը». Զեյնալյան

Հարցին` առաջակ ստանալու դեպքում, ինքը պատրա՞ստ է շարունակել աշխատել, Զեյնալյանը կրկնեց` պարզ կլինի առաջիկայում:

Անդրադառնալով դեկտեմբեի 9–ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքներին` նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ընտրություններին այնպիսի խախտումներ չեն արձանագրվել, որոնք թույլ կտան վիճարկելու ԿԸՀ-ի որոշումը:

««Մենք» դաշինքը չի տեսնում վերահաշվարկ կատարելու կամ բողոքարկելու հիմքեր»,-ասաց Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ–ն հրապարակեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 4.70%–ը։ «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%։ «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը ստացել է 3.88%–ը ձայն։ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը ստացել է ձայների 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը` 25 776 ընտրողով։ «Օրինաց երկիր» կուսակցությունը ստացել է ձայների 0.99%–ը, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը։

«Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների 70.42%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.26%–ը։ «Լուսավոր Հայաստանի» օգտին քվեարկել են ընտրողների 6,37%–ը։