Արտակ Զեյնալյանը հանդիպել է Նաիրի Հունանյանին

Նախարարի պաշտոնակատարը Նաիրի Հունանյանի հոգեվիճակում ոչ մի կասկածելի բան չի նկատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այցելել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանին։ 

Այս մասին այսօր նա ասաց հրավիրված ասուլիսին։ «Այցելել եմ Նաիրի Հունանյանի խուց ու խոսել նրա հետ։ Նրան խորհուրդ եմ տվել զբաղվել սպորտով, քանի որ դրա անհրաժեշտությունը կար»,–նշեց նա։

«Առաջիկայում պարզ կդառնա». Արտակ Զեյնալյանը` իր պաշտոնավարման մասին

Պատասխանելով Հունանյանի հոգեվիճակի մասին հարցին՝ Զեյնալյանը նշեց, որ նրա հետ երկար չի շփվել, որ դատողություններ անի։ «Ամեն դեպքում, այդ պահին ոչ մի կասկածելի բան չեմ նկատել»,– ավելացրեց նախարարի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչություն իրականացրած 5 անձինք դատապարտվել են պատժի բարձրագույն աստիճանով` ցմահ բանտարկության: Լրագրող Նաիրի Հունանյանը համարվում է  նրանց պարագլուխը։ Հիշեցնենք, որ Հայաստանի պատմության մեջ ամենաաղմկոտ քաղաքական հանցագործության զոհերն էին դարձել խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, կառավարության ղեկավար Վազգեն Սարգսյանը, ինչպես նաև` մեկ նախարար ու հինգ պատգամավոր: