Սարգսյանն ու Բախտաձեն հանդիպել են Թբիլիսիում. ինչի՞ մասին են պայմանավորվել նրանք

Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետն առանձնազրույց են ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և ընդգծել, որ հաճելի է Հայաստանի նախագահին հյուրընկալել Վրաստանում։

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ իր համար նույնպես պատիվ է Վրաստանի համար այս կարևոր իրադարձությունների շրջանում գտնվել հարևան ու բարեկամ երկրում։

Հանդիպմանը Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը մտքեր են փոխանակել հայ-վրացական հարաբերությունների ներկա օրակարգի շուրջ, ընդգծել արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում առավել խորացնելու կարևորությունը։ Մասնավորապես, անդրադարձ է եղել առևտրատնտեսական կապերի զարգացման, կրթության և մշակութային ոլորտներում փոխգործակցության հարցերին։

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հունվարի 16-ին մեկնել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: