Քոչարյան vs Փաշինյան. դատարանը մերժել է 2-րդ նախագահի պաշտպանական թիմի միջնորդությունը

Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը։ Պաշտպանները հայտարարել են, որ այդ մերժումը սպասելի էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը, որով նրանք դատարանից պահանջում էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել։

Ռոբերտ Քոչարյանի որդին հարցաքննվել է «Կոնգրես» հյուրանոցի գործով․ Վանեցյան

«Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին մերժումը սպասելի էր, քանզի դատարանի անկախությունը կասկածի տեղիք է տալիս, իսկ դատական որոշումները կայացվում են զանգերի միջոցով»,-ասված է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի տարածած հաղորդագրությունում:

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած հայցադիմումում վկայակոչված է այն փաստը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ֆրանսիայում արված և սեպտեմբերի 15-ին համացանցում տարածված հրապարակային հայտարարությունը պարունակում է իրեն վերաբերող ու զրպարտություն հանդիսացող` իրականությանը չհամապատասխանող և իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող, հատված, որի պատճառով էլ հայցվող Ռոբերտ Քոչարյանը խնդրել է պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին` հրապարակայնորեն ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար. «… Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը։ Ասում է` անձեռնմխելի է։ Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի։ Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` «ես անձեռնմխելի՞ եմ»։ Այդ որտե՞ղ է այդպես գրած …»։

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ իր դեմ ներկայացվող հայցերը սովորական երևույթ են դարձել։

«Արդեն 25 տարի է` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ինձ դատի են տալիս։ Աստված նրանց առողջություն տա ևս 25 տարի, թող շարունակեն», – ասել էր Փաշինյանը։

Լրագրողները հարցրել էին` նախկին նախագահները նրա վրա քաղաքական ճնշում գործադրու՞մ են, Փաշինյանն այս հարցին ծիծաղով էր պատասխանել։