Մրցանակ Մոսկվայից. ներառական թատերական փառատոնում Հայաստանը ներկայացրել է «Արտմիմիան»

6 հոգուց բաղկացած հայկական թատերախումբը ելույթ է ունեցել Մոսկվայում անցկացված առաջին ներառական թատերական փառատոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի «Արտմիմիա» թատերախումբը Մոսկվայում մասնակցել է «Ժեստերի տարածքում» խորագրով առաջին ներառական թատերական փառատոնին և Երևան վերադարձել մրցանակով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց թատերախմբի ղեկավար, մնջախաղաց Համլետ Չոբանյանը։

Փառատոնը տևել է 6 օր` դեկտեմբերի 10-16-ը։ Մոսկվայի «Միմիկայի և ժեստերի թատրոնում» անցկացված փառատոնին մասնակցել են 13 ռուսական և արտասահմանյան թատերախմբեր։

«Ներկայացումների մեծ մասը կապված էին խուլ ու համր արտիստների, մնջախաղի հետ, դրամատիկ ներկայացումներ կային, որոնք ցուցադրվում էին թարգմանությամբ», – ասաց Չոբանյանը։

Հայկական թատերախմբում եղել են 4 դերասան, մեկ դուդուկահար և թատերախմբի ղեկավարը։

Չոբանյանը ներկայացրել է «Լռության մեղեդին» մոնոներկայացումը։ Հայկական թատերախումբն արժանացել է «Պլաստիկայի արտահայտչականության» մրցանակին։