ՀՀ–ի պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է մայիս-նոյեմբեր ամիսների հաշվետվությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Այս կառավարության օրոք սկսել է գործարկվել պատիժը պայմանական վաղաժամկետ կրելու ինստիտուտը։

Արտակ Զեյնալյանը հանդիպել է Նաիրի Հունանյանին

«Այս պահի դրությամբ շուրջ 240 անձ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել դատարանների որոշումների համաձայն, և սա կազմում է ներկայացված միջնորդությունների ավելի քան 1/3-ը։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ցմահ դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ ներկայացնելով մայիս-նոյեմբեր ամիսների հաշվետվությունը:

Այս պահի դրությամբ համաներմամբ պատժի կրումից ազատ է արձակվել ավելի քան 550 դատապարտյալ, իսկ պրոբացիայի ծառայությունում համաներում է կիրառվել ավելի քան 1000 շահառուհի նկատմամբ;

Նրա խոսքով՝ ավելի քան 108 հազար անձի նկատմամբ կիրառվել է վարչական համաներում, կարճվել է ավելի քան 1 մլն 260 հազար վարույթ:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Երևանի 3, Գյումրու, Վանաձորի և Գորիսի 1 բժշկական հաստատություններում նախատեսվում է հիմնադրել բաժանմունքներ, որտեղ իրենց բուժումը կարող են ստանալ դատապարտյալ անձինք:

«Դա հնարավորություն կտա ավելի փոքր ռեսուրսներով ավելի շատ դատապարտյալների ապահովել բժշկական ծառայություններով», - ասաց նա:

Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ կալանավորված անձանց թույլատրվել է ազատազրկման վայրերում ձեռք բերել անձը հաստատող փաստաթուղթ, ինչը հնարավորություն կտա նրանց քրեակատարողական հիմնարկներում իրականացնել իրենց քաղաքացիական իրավունքները: