Դանակահարել է կնոջը, կտրել մազերը, հոսանքահարել. երևանյան դրամայի մանրամասները

Քննչական կոմիտեն հրապարակել է մեկ տարի առաջ հանրությանը ցնցած ընտանեկան բռնության դեպքի մանրամասները։ Երևանում կնոջը ինքնասպանության հասցրած նախկին ամուսինը կկանգնի դատարանի առաջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Քննչական կոմիտեն ավարտել է 1 տարի առաջ Նոր Նորքում տեղի ունեցած ընտանեկան բռնության դեպքի նախաքննությունն ու որոշ մանրամասներ հրապարակել նախկին կնոջ նկատմամբ կտարած բռնարարքների մասին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Երևանում ամուսինը դաժանաբար ծեծել է 20-ամյա կնոջը. վերջինը մահացել է հիվանդանոցում

Նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ 2017թ. մայիսի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, 36-ամյա նախկին ամուսինը գնացել է 39-ամյա նախկին կնոջ բնակարան, նրան մեղադրել դավաճանության մեջ, խանդի հողի վրա վիճաբանել նրա հետ, ծեծի ենթարկել, ապա խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ դեմքին, ուսերին, ձախ բազկին, նստատեղին, որովայնին և կրծքին։ Այնուհետև կտրել է էլեկտրական մալուխը՝ հոսանքահարել կնոջն ու մկրատով կտրել մազերը:

Այս դեպքից 2 ամիս անց` 2017թ. հուլիսի 11-ին, տղամարդը կրկին գնացել է կնոջ բնակարան, վիճել նրա հետ, բռունցքով բազմաթիվ հարվածներ հասցրել գլխին, իսկ առավոտյան նրան տարել է Սևանա լճի մի ամայի լողափ, որտեղ դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել թևերին և կրծքին։

Այս ամենի հետևանքով նախկին ամուսինը կնոջը հասցրել է ինքնասպանության փորձի: Գտնվելով խիստ ընկճված վիճակում, իրեն ստորացված և նվաստացած զգալով՝ 2017թ. հուլիսի 13-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, կինը փորձել է ինքնասպան լինել և այդ նպատակով հրկիզել է տունը։

Ամուսինը որոշում է ստուգել կնոջ հավատարմությունը և անակնկալի է գալիս. տեսանյութ

Ամուսինը հանգցրել է կրակն ու նրան առաջարկել ինքնասպան լինել իր բացակայությամբ և նախօրոք գրություն գրել, որ որևէ մեկը մեղավոր չէ նրա ինքնասպանության համար։ Այս ասելուց հետո տղամարդը հեռացել է տնից, իսկ կնոջը ինքնասպանությունից փրկել է եղբայրը, որը ժամանակին օգնության է հասել քրոջը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա 37-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ հոդվածով և 110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք պատճառելը և ինքնասպանության փորձի հասցնելը։

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: