Հայաստանում շատացել են աշխատանքային միգրանտները. ի՞նչն է նրանց Հայաստան բերում

Հայաստանում ասիական երկրներից աշխատանքային միգրանտների թիվն ամեն ամիս աճում է։ Տնտեսագետի հաշվարկով` սրա հետևանքով հայաստանցիների շրջանում գործազրկությունը կարող է աճել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի — Sputnik. Վերջին տարիներին հայաստանյան աշխատաշուկայում զգալիորեն ավելացել են ասիական երկրներից աշխատանքային միգրանտները։

Տնտեսագետ Սուրեն Պարսամյանի տեղեկություններով` նրանց թիվը շուրջ 25 000–ի է հասնում, ինչը Հայաստանի աշխատանքային շուկայի համար լուրջ թիվ է։

Նաև հայ միգրանտներից է կախված Եվրոպայի հետ վիզայի ազատականացման ռեժիմը. Քոչարյան

«Դա հիմնականում պայմանավորված է մեր միգրացիոն օրենսդրության չափազանց մեղմ լինելով։ Հայաստան շատ հեշտ է մուտք գործել, օդանավակայանում ստանալ մուտքի վիզա: Ապա` աշխատանքի համար անհրաժեշտ է փաստաթղթեր ներկայացնել ոստիկանություն, ստանալ կեցության 10 տարվա իրավունք, ինչը ոստիկանությունը շատ հեշտությամբ է տրամադրում։ Մեր օրենսդրությունը, օրինակ, ի տարբերություն ՌԴ–ի որևէ սահմանափակում չունի աշխատանքի ոլորտում»,– ասաց Պարսամյանը։

Նրա խոսքով` Հայաստանը նաև միջանկյալ հանգրվան է որոշ միգրանտների համար` դեպի Եվրոպա ճանապարհին։

Պարսամյանի համոզմամբ, այս խնդիրը կարգավորման կարիք ունի, ինչը կառավարությունը պետք է սկսի վիճակագրության ուսումնասիրությունից ու վիճակի գնահատականից։

Այսօր, տնտեսագետի գնահատմամբ, արտասահմանցիները Հայաստանի աշխատաշուկայում շուրջ 5 տոկոս են կազմում, ինչը գործազրկության բարձր մակարդակ ունեցող երկրի համար լուրջ խնդիր է։

Եվրոպան խուճապի մեջ է. տասնյակ հազարավոր զինված միգրանտներ մտադիր են «ճեղքել» սահմանը

«Այս պահին այլազգիների ներկայությունը դեռ շատ բացասական հետևանքների չի հանգեցրել, բայց տենդենցը շարունակվելու դեպքում, կարող է հանգեցնել։ Եթե արդեն ամեն ամիս 10-20 տոկոս աճ է նկատվում, ապա այս ցուցանիշով մենք 3-4 տարի անց կունենանք 100 000 և ավելի աշխատանքային միգրանտ Հայաստանում»,– ասաց նա։

Սուրեն Պարսամյանի տեղեկություններով       ` Հայաստան աշխատելու են գալիս հիմնականում Հնդկաստանից և Ֆիլիպիններից։ Գործատուները գերադասում են օտարազգիներին ընդունել աշխատանքի ու վճարել ավելի քիչ, քան նույն գործի դիմաց ՀՀ քաղաքացիներին վճարել բարձր աշխատավարձ։ Այս մրցակցության հետևանքով էլ ՀՀ քաղաքացին դուրս է մնում աշխատաշուկայից։

Մյուս կողմից ասիացիների հոսքը դեպի Հայաստան նաև նոր բիզնեսի տեսակ է դարձել։ Ըստ Պարսամյանի` այսօր Հայաստանում ու Հնդկաստանում գործում են հատուկ գրասենյակներ, ովքեր փաստաթղթային ձևակերպումների ու աշխատանք գտնելու աջակցություն են տրամադրում Հայաստանում աշխատել ցանկացող այլազգիներին։