Վրաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա կիրականացնի նախագահի երդմնակալության ժամանակ

Ընդդիմությունը, որը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, հայտարարել է, որ Թելավիում երդմնակալության օրը բողոքի ակցիա կկազմակերպի` պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի –Sputnik. Վրացական ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորման համախոհները տասնյակ ավտոմեքենաներով Թբիլիսիից Թելավի են մեկնել բողոքի ակցիա անցկացնելու համար։ Հիշեցնենք, որ այսօր այնտեղ կայանալու է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու երդմնակալության արարողությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Փաշինյանն ու Բախտաձեն զրուցել են հեռախոսով

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է նոյեմբերի 28-ին։  Քվեարկության արդյունքով` Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%–ը, նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն` 40,48%–ը։ Սրանք վերջին ընտրություններն էին, որոնք ուղիղ քվեարկությամբ են անցնում, ապագայում պետության ղեկավարին 300 պատվիրակներ են նշանակելու։ Նոր նախագահի լիազորության ժամկետը 6 տարի է, ոչ թե նախկինի պես` հինգ։

Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 15.00–ին, Թելավիում։ Ավելի վաղ ընդդիմությունը, որը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, հայտարարել է Թելավիում երդմնակալության օրը բողոքի ակցիա կազմակերպելու մասին` պահանջելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

«Մենք Թելավի ենք գնում խաղաղ ցույց անցկացնելու համար։ Բացի այդ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու պահանջով ակցիաներ կիրականացվեն նաև երկրի մյուս քաղաքներում», – ասել է Վաշաձեն լրագրողներին։

Վրացական հեռուստաընկերությունները հայտնում են, որ ոստիկանությունը փակել է Թելավիի հրապարակը, որտեղ ընդդիմությունը մտադիր է անցկացնել իր ցույցը։ Բացի այդ իրավապահ մարմինները փակել են Գոմբորի լեռնանցքով անցնող կարճ ճանապարհը։ Ընդդիմությունը Թելավի է գնում շրջանցիկ ճանապարհով։