ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Վրաստանում կայացավ նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը։ Նա երդվեց և դարձավ Վրաստանի 5–րդ և 1–ին կին նախագահը, հաղորդում է Sputnik Գրուզիան։
«Ես` Վրաստանի նախագահս, Աստծո և ժողովրդի առաջ երդվում եմ պաշտպանել Վրաստանի Սահմանադրությունը, երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, հոգ տանել իմ ժողովրդի անվտանգության և բարեկեցության համար»,–ասել է Զուրաբաշվլինի։
Արարողությունը կայացավ 1-ին դարում հիմնված Թելավի քաղաքում, որը գտնվում է Թբիլիսիից 105 կմ հեռավորության վրա: Երդմնակալությունն «Բաթոնիս ցիխե» թագավորական համալիրում էր, որը վրաց Բագրատունիների տոհմին պատկանող Հերակլ Երկրորդ թագավորի նստավայրն էր:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է նոյեմբերի 28-ին։ Քվեարկության արդյունքով` Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%–ը, նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն` 40,48%–ը։ Սրանք վերջին ընտրություններն էին, որոնք ուղիղ քվեարկությամբ են անցնում, ապագայում պետության ղեկավարին 300 պատվիրակներ են նշանակելու։ Նոր նախագահի լիազորության ժամկետը 6 տարի է, ոչ թե նախկինի պես` հինգ։
Երդմնակալությանը զուգահեռ, այսօր վրացական ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորման համախոհները տասնյակ ավտոմեքենաներով Թբիլիսիից Թելավի են մեկնել բողոքի ակցիա անցկացնելու համար։