«Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, կառավարության և ժողովրդի հետ». Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը, հազարավոր տարիների բարեկամական հարաբերություններ ունեն, և ավելի քան բնական է, որ ՀՀ նախագահը պետք է ներկա լիներ Վրաստանի նոր նախագահի երդմնակալությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. «Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, կառավարության ու խորհրդարանի, ամենակարևորը՝ ժողովրդի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները»։ Այս մասին այսօր Վրաստանում, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Վրաստանի կին նախագահը երդվեց ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն, և ավելի քան բնական է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է այսօր ներկա լիներ այստեղ, երբ Վրաստանը նոր նախագահ է ընտրել։

ՀՀ նախագահը շնորհավորել է Վրաստանին, երկրի նախագահին։ «Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում»,–ասել է նա։

Միջոցառման շրջանակում նախագահ Սարգսյանը նաև կարճատև զրույցներ է ունեցել երդմնակալության արարողությանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարների և մի շարք հյուրերի հետ։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է նոյեմբերի 28-ին։  Քվեարկության արդյունքով` Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%–ը, նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն` 40,48%–ը։ Սրանք վերջին ընտրություններն էին, որոնք ուղիղ քվեարկությամբ են անցնում, ապագայում պետության ղեկավարին 300 պատվիրակներ են նշանակելու։ Նոր նախագահի լիազորության ժամկետը 6 տարի է, ոչ թե նախկինի պես` հինգ։

Երդմնակալությանը զուգահեռ, այսօր վրացական ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորման համախոհները տասնյակ ավտոմեքենաներով Թբիլիսիից Թելավի են մեկնել բողոքի ակցիա անցկացնելու համար։