Արմեն Սարգսյանն արդեն Վրաստանում է. նա կմասնակցի Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Վրաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա կիրականացնի նախագահի երդմնակալության ժամանակ

Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ արդեն հայտնի էր դարձել, որ ՀՀ պաշտոնական պատվիրակությունը` նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, կմասնակցի Վրաստանի նորանշանակ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու երդմնակալության արարողությանը։ Զուրաբիշվիլու երդմնակալության արարողությանն իրենց մասնակցությունն արդեն հաստատել են Չեխիայի Սենատի նախագահը, Լիտվայի և Սերբիայի խորհրդարանների ղեկավարները, Ռումինիայի փոխվարչապետը, Մոլդովայի արտգործնախարարը և Թուրքմենստանի առևտրի նախարարը։

Հիշեցնենք նաև, որ Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է նոյեմբերի 28-ին։  Քվեարկության արդյունքով` Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%–ը, նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն` 40,48%–ը։ Սրանք վերջին ընտրություններն էին, որոնք ուղիղ քվեարկությամբ են անցնում, ապագայում պետության ղեկավարին 300 պատվիրակներ են նշանակելու։ Նոր նախագահի լիազորության ժամկետը 6 տարի է, ոչ թե նախկինի պես` հինգ։