ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Գյումրի քաղաքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 2 մարդ մահացել են: Տուժածների մեջ նաև անչափահաս կա:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 01:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի «ԱՐԳՈ» խանութ-սրահի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրասպորտային պատահար, ավտոմեքենայում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր 1964թ.-ին ծնված Ա. Ք.-ն, , դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ոչ բնակելի տան պարսպին, ինչի հետևանքով ուղևորներ Տ. Ք.-ն (1996 թ.) և Ա. Ք.-ն (1997 թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, իսկ 11-ամյա Մ. Ք.-ն և 20-ամյան Լ. Ք.-ն՝ Ավստրիական մանկական հիվանդանոց:
Բժիշկները Մ. Ք.-ի և Ա. Ք.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Լ. Ք-ինը և Տ. Ք.-ինը՝ բավարար:
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և 46-ամյա ուղևոր Ժ. Ք.-ի դիերը: