Վերջերս ինձ համար ամենաթանկ սմարթֆոններից մեկը գնեցի։ Երկար ժամանակ գոհ էի։ Ընկերներս կատակում էին, որ հնադարյան հեռախոսն ազնվությանս ակնառու ապացույցն էր, իսկ հիմա շփոթելու են ինձ ժամանակակից կուրտիզանուհիների հետ։ Երկար ծիծաղում էինք այս կատակի վրա, և թվում էր`վերջ, թեման սպառված է, սակայն հանկարծ մի պատմություն հիշեցի։
Մի օր հանդիպեցի նախկին գործընկերուհուս։ Նա տարիքով բավականաչափ մեծ է ինձնից, սակայն երբ շպարվում է, բավական սեքսուալ տեսք է ունենում։ Խնամված, գեղեցիկ կին է, լավ կարիերայով։ Խոսեցինք դեսից–դենից, նրա դստերից, աշխատանքից։ Գնալիս նա մոռացավ իր սմարթֆոնը, իբրև թե «գաղտնի երկրպագուի» նվերն էր, և երբ ես վերադարձնում էի այն, մեր հարաբերությունների ձևաչափը որոշակի փոփոխության ենթարկվեց։
Նա որոշեց ինձ տեղ հասցնել` ճանապարհին «ճիշտ կյանքի» վարպետության դաս տալու համար։
Մենախոսությունը սկսվեց նրանից, որ բոլոր կանայք որոշակի պահի ավելի խելացի են դառնում, և լավ է, եթե դա տեղի ունենա, մինչ նրանք կկորցնեն իրենց գեղեցկությունը, և որ ցանկացած ռոմանտիկ հիմարություն 30-ից հետո անհետանում է։
«Պետք չէ ժամանակ կորցնել, եթե գեղեցիկ ես։ Շուրջդ շատ ունևոր մարդիկ կան, թեկուզ ամուսնացած։ Ավելի լավ, նմաններն ավելի հեշտ են խայծն ուտում ու ավելի դժվար հեռանում։ Բացի այդ, քիչ պահանջներ ունեն։ Ընդհանրապես կինը պետք է իր գինն իմանա։ Չէ՞ որ գլխավորը ճիշտ սկիզբն է։ Եթե սկսես հանդիպել ուսանողների և վաճառողների հետ, նախարարներին և պատգամավորներին հասնելը դժվար կլինի։ Դե, եթե դու.. (մի հայտնի «կույսի» անուն է տալիս)», – ասում է նա ու անդադար հեռախոսին նայում, որը լռում ու լռում է։
Լիանան (անունը փոխած է) մոտ 25 տարեկան էր, երբ ամուսնացավ։ Սերը, հարսանեկան զգեստը, քողը, գինին, մեղրը. ամեն ինչ, ինչպես բոլորի մոտ, սակայն երեխայի ծնվելուց հետո ինչ-որ բան այնպես չգնաց։ Մշտական գումարի բացակայությունը, լավ հագնված ընկերուհիները, «բաժանված ծանոթի» ճանապարհորդությունները սկսեցին նրան հունից հանել։ Ամուսնու մշտական հոգնածությունն ու նվնվոցն ավելի էին սրում իրավիճակը։
Եվ մի օր ամուսնու հերթական գործուղման ժամանակ նա «բաժանված» ընկերուհու և ընկերուհու «բոյֆրենդի» ընկերոջ հետ ընթրիքի գնաց։ Ամեն ինչ հաջողվեց։ Աղջիկն աստիճանաբար ներքաշվեց ժամանակակից կուրտիզանուհու դերի մեջ։ Գումարի պակաս այլևս չկար, նվերներն ու ռեստորաններ այցելելը հաճախակի դարձան։ Ամուսինը գրեթե ոչինչ չէր նկատում, պարզապես պետք էր ժամանակին ջնջել հաղորդագրություններն ու զանգերը։ Որոշ ժամանակ անց կինը նրան ամեն ինչ պատմեց, և ամուսինը լքեց նրան։
«Չկա տղամարդ` չկա խնդիր։ Հիմա ավելի լավ եմ ապրում։ Մեծ շրջապատ ունեմ, բարձրաստիճան ատյաններում կապեր։ Բոլորի հետ հո չեմ քնում։ Լինում է, որ պարզապես երեկույթներին ուղեկցում եմ, ծանոթներիս հետ եմ ծանոթացնում, երբեմն փորձում եմ որևէ բան պարզել։ Ինձ հետ քնելու համար պետք է լավ ծախսվել։ Թանկարժեք ռեստորաններով էլ չես խաբի։ Ինքս էլ կարող եմ հաշիվը փակել։ Գոնե մի անգամ պետք է արտերկիր տանի, ավտոմեքենաս փոխի կամ գոնե վերանորոգի բնակարանս։ Ընդհանրապես այդ ամենին պետք է նայել որպես բիզնեսի», – ասում է նա և անդադար նայում հեռախոսին։
Խոստովանում է, որ կոպիտ է դարձել կշտամբանքների և իրեն ամոթանք տալու պատճառով։ Եղել է նաև այնպես, որ ուզել են պահել։ Նույնիսկ ուժ են կիրառել։ Եղել է, որ ինքն է սիրահարվել, կարոտել է և նույնիսկ խանդել, սակայն քաջ գիտակցել է իր կարգավիճակը։ Հիմա ավելի դժվար է դարձել։ Եղբայրը գրեթե չի շփվում հետը։ Աղջիկը սկսել է անհարմար հարցեր տալ։ Եվ մայրն էլ խնդրում է վերջ տալ ուղևորություններին և գիշերային գործերին։ Սակայն դստերը պետք է ոտքի կանգնեցնել, ծերության համար գումար «աշխատել» և ընդհանրապես ուզում է բարեկեցիկ ապրել։
«Հիշո՞ւմ ես Ելենային (անունը փոխած է), եկել էր օֆիս։ Նրա բախտը բերում է։ Հուսալի մեկին է հանդիպել։ Բիզնես է նվիրել իրեն։ Հիմա նա միջոցառումների կազմակերպիչ է (իվենթ–մենեջեր), բոլոր ճոխ երեկույթները ինքն է կազմակերպում, այնտեղ էլ հաճախորդ գտնում։ Ճիշտ է, ստիպված էր պլաստիկ վիրահատություններ անել` կուրծքը, շուրթերը և ինչ-որ բան կոպերի հետ, բայց շատ է երիտասարդացել։ Ամուսին է գտել։ Երեխա է ունեցել և բաժանվել։ Բայց ամուսինը բնակարան է նվիրել, երեխայի հոգսերն էլ հոգում է։ Էլ ի՞նչ է պետք։ Թեև շատ բան է պետք, բայց...», – ասում է ու նայում հեռախոսին։
Պարզվում է` դուստրը նախկին ամուսնու մոտ է և չի զանգահարում։ Ամուսնու հետ նա շփվում է միայն այն ժամանակ, երբ վերջինը հարբած է լինում և ուզում է արտահայտվել ու հիշեցնել, թե «ինչպիսին է նա», բայց երեխայի հետ հայրը հանդիպում է կանոնավոր` ամիսը երկու անգամ և վերադարձնում երեխային բոլորովին փոխված։ Վերջերս աղջիկը նույնիսկ ակնարկել է, որ ուզում է հոր և նրա նոր ընտանիքի հետ ապրել։ Լիանան մտավախություն ունի` գուցե հայրը պատմո՞ւմ է դստերը, թե ինչու է իրենց ընտանիքը քանդվել, և ինչով է մայրն իրականում զբաղվում և գումար վաստակում։
Նա դեռ երկար եղունգներով խփում է ղեկին, խոսում ժամանակակից կուրտիզանուհու կյանքի բարիքների ու գրավչության մասին, իր սխրագործության, ազատության և լայն հնարավորությունների, սակայն յուրաքանչյուր խոսքի հետ ավելի քիչ է հավատում սեփական խոսքերին։ Եվ միայն վերջում ես հասկացա, որ եթե հեռախոսը նա չմոռանար, ապա այս պատմությունն անհայտ կմնար, իսկ պատմում է միայն այն պատճառով, որ չի հավատում, որ չեմ ընթերցել իր հաղորդագրությունները։