Տաջիկստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կսատարի Բելառուսի ներկայացուցչին

Ստանիսլավ Զասին աջակցություն էր հայտնել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աջակցություն է հայտնել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությանը։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը՝ հղում անելով Տաջիկստանի առաջնորդի կայքին։

Բոզոյան. «Եթե ՀԱՊԿ–ում առաջ տանեն Բելառուսի թեկնածուին, կարող է խնդիրը լրջանալ»

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Ռահմոնը հանդիպել է Զասի հետ։

Ավելի վաղ Ստանիսլավ Զասին աջակցություն էր հայտնել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

«Դուք զինվորական եք և համապատասխան կրթություն ունեք։ Աշխատել եք գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության անվտանգության խորհրդում։ Դուք ծանոթ եք ՀԱՊԿ աշխատանքին, մասնակցել եք տարբեր խորհրդակցությունների և հանդիպումների։ Մենք կաջակցենք ձեզ», - ասել էր նա Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։