ԱԱԾ տնօրենը խոսեց հայ-թուրքական սահմանը խախտողների ակտիվության մասին

Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ մարդկանց ակտիվ միգրացիա է տեղի ունենում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Աշխարհաքաղաքական պրոցեսները, պատերազմները Հայաստանին շատ մոտ են, ինչի պատճառով էլ հիմա հայկական տարածքով ակտիվացել են մարդկանց տարանցման փորձերը։ Այդ մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով սահմանախախտների ակտիվության մասին հարցին։

Նահապետյան. «Սահմանախախտների ու սահմանախախտումների թիվն առաջիկայում կարող է աճել»

«Միգրացիոն հոսքերը, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում, մասնավորապես, Թուրքիայի, Իրանի տարածքներով, առնչվում են նաև Հայաստանին։ Սահմանախախտներին հայտնաբերում են ոչ միայն Ռուսաստանի սահմանապահները, որոնք հսկում են Թուրքիայի հետ սահմանը, այլև այդպիսի սահմանախախտների հայտնաբերում են Հայաստանի սահմանապահները և անաղմուկ, առանց այդ մասին հայտարարելու, վերադարձնում են օտար երկրներին», - ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ լինում են նաև կեղծ անձնագրերով մարդկանց բռնելու դեպքում, նման տեղեկությունները հաճախ չեն հրապարակվում։

Վանեցյանը նշեց` չնայած նրան, որ միգրացիան ընկալվում է որպես չարիք, պատճառները հաճախ հասկանալի են։ Շատ մարդիկ, ելնելով կյանքի պայմաններից, փորձում են տեղափոխվել այլ երկրներ։