Ռուսաստանցիները Նոր տարուն նախընտրում են Հայաստան գալ

Հայաստանը ռուսաստանցիների համար առաջատար ուղղությունն է դարձել։ Պատճառներից մեկը տոմսերի գնի նվազումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանցիների մեծ մասը Նոր տարին ուզում է անցկացնել Հայաստանում։ OZON.travel զբոսաշրջային գործակալությունից «Իզվեստիային» հայտնել են, որ արտասահմանյան երկրների շարքում զբոսաշրջային ամենապահանջված երկիրը Հայաստանն է։

«Դրա վրա է պետք շեշտը դնել». փորձագետը գիտի` ինչը կզարմացնի Հայաստան եկող զբոսաշրջիկներին

«2017թ-ի համեմատ Հայաստանի նկատմամբ պահանջարկն ավելացել է 76 տոկոսով», - հաղորդել են գործակալությունում՝ բացատրելով, որ ազդեցություն է ունեցել տոմսերի արժեքի 12 տոկոսով նվազեցնելը, ինչպես նաև երկրի ներսում գործող ծառայությունների մատչելի գները։

Երկրորդ տեղում Գերմանիան է։ Այս երկրի նկատմամբ պահանջարկը մեծացել է 27 տոկոսով, տոմսերի գները նվազել են 6 տոկոսով։ Առաջատարների եռյակը եզրափակում է Թաիլանդը՝ չնայած նրան, որ 2017թ-ի համեմատ պահանջարկը 6 տոկոս նվազել է։ Ամենատարածված ուղղությունների 5-յակի մեջ մտել են Չեխիան (պահանջարկն ավելացել է 36 տոկոսով) և Իտալիան (պահանջարկը նվազել է 26 տոկոսով, տոմսերը թանկացել են 6 տոկոսով)։