Ռոբերտ Քոչարյանի որդին հարցաքննվել է «Կոնգրես» հյուրանոցի գործով․ Վանեցյան

«Կոնգրես» հյուրանոցի օտարման գործով հարցաքննվել է Քոչարյանի ավագ որդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի որդին հարցաքննվել է «Կոնգրես» հյուրանոցի օտարման գործով, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ–ն խոստանում է առաջիկայում բացահայտել «Կոնգրես» հյուրանոցի իրական տերերին

«Հարուցվել է քրեական գործ։ Ես մի անգամ արդեն սխալ արտահայտություն եմ օգտագործել։ Պետք էր ասել` ապօրինի ձեռք բերված գումարներով», - ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով՝ այդ գործով Սեդրակ Քոչարյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական բաժին և հարցաքննվել՝ որպես վկա։ Վանեցյանը նշեց, որ հիմա Սեդրակ Քոչարյանը պահպանում է վկայի կարգավիճակը, քանի դեռ այդ գործով մեղադրյալներ չկան։

Ավելի վաղ Վանեցյանը հայտարարել էր, որ Քոչարյանների ընտանիքը ժամանակին «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել ՝ վճարելով 6 միլիոն դոլար կաշառք։

Ավելի ուշ նա ասել էր, որ էմոցիոնալ հայտարարություն է արել։ Վանեցյանը նշել էր նաև, որ կոռուպցիոն գործարքին Քոչարյանի առնչությունը հաստատող որոշակի փաստեր եղել են, բայց թերի են եղել։