Լուրջ մարդիկ են եկել հայկական ֆուտբոլ․ «Բանանցի» գլխավոր մարզիչ Ֆայզուլին

Լիգան արդեն ընդլայնել են, և, ամենայն հավանականությամբ, դրանով չեն սահմանափակվի։ Իլշատ Ֆայզուլինը սա ճիշտ որոշում է համարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հայկական ֆուտբոլ լուրջ մարդիկ են եկել, որոնք իսկապես ուզում են զարգացնել ֆուտբոլը, ակադեմիաներ կառուցել, ներդրումներ անել ենթակառուցվածքում։ Championat.com-ին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել «Բանանց» ակումբի գլխավոր մարզիչ Իլշատ Ֆայզուլինը։

Հայ ֆուտբոլիստներն այլևս լեգիոներ չեն համարվի Ռուսաստանում

Լրագրողը հետաքրքրվել է` Ռուսաստանից Հայաստան ֆուտբոլային կադրերի զանգվածային հոսքը պայմանավորվա՞ծ է արդյոք այն հանգամանքով, որ երկրում արդեն փող կա, Ֆայզուլինն ասել է, որ փող միշտ էլ եղել է։

«Հայ ժողովուրդը փոքր է, բայց հարուստ մարդիկ շատ են։ Հայաստանում ապրում է մոտ 2 միլիոն հայ, իսկ ամբողջ աշխարհում՝ ևս 10 միլիոն․ Ֆրանսիա, Ամերիկա, Ռուսաստան․․․ Դրամական հոսքը մշտապես մտնում է երկիր։ Կարևոր է, որ եկել են լուրջ մարդիկ, որոնք ցանկանում են իսկապես զարգացնել ֆուտբոլը՝ կառուցել ակադեմիաներ, ներդրումներ անել ենթակառուցվածքում։ Լիգան արդեն ընդլայնել են մինչև 9 թիմ, և, ամենայն հավանականությամբ, այդքանով չեն սահմանափակվի։ Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է», - ասել է Ֆայզուլինը։

Նրա խոսքով՝ Հայաստանում պաշտոնյաների աշխատավարձերի մակարդակը բավականին բարձր է։ Պատասխանելով համապատասխան հարցին՝ Ֆայզուլինն ասել է․ «Եթե մարդը Ֆուտբոլի ազգային լիգայից գնում է Հայաստան, հավանաբար նա ավելի շատ է ստանում, քան ստանում էր Ռուսաստանում»։

«Բանանցի» մարզիչն ասել է նաև, որ Հայաստանում իրեն հիշում են որպես ԲԿՄԱ–ի ֆուտբոլիստ, թեև ոչ մի անգամ Երևանում չի խաղացել։