«Զապը» չի մատնել Նարեկին․ Վանեցյանը՝ Սերժ Սարգսյանի եղբորորդուն արտահանձնելու մասին

Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է Նարեկ Սարգսյանին հաջողվել Գվատեմալայի քաղաքացու անձնագիր ստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հույս ունի, որ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին առաջիկայում կարտահանձնեն Հայաստանին։ Այդ մասին նա ասաց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին ոստիկանությունը հայտարարեց, որ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը: Նա հայտնաբերման պահին ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով:

«Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է նա Գվատեմալայի անձնագիր ստացել, բայց հայ իրավապահների և Ինտերպոլի համատեղ գործունեության արդյունքում Նարեկ Սարգսյանը գտնվել է», - ասաց Վանեցյանը։

ԱԱԾ ղեկավարի խոսքով՝ տեղեկությունն այն մասին, թե Նարեկ Սարգսյանին գտել են «Զապ» մականունով քրեական հեղինակության մատնության միջոցով, չեն համապատասխանում իրականությանը։

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:

Հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: