Սարգսյանը շնորհավորել է ԱԺ ընտրություններում հաղթած քաղաքական ուժերի ղեկավարներին

Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Փաշինյանին, Ծառուկյանին ու Մարուքյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առթիվ: Հանրապետության նախագահը շնորհավորել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության համար:

Կարմիր ուղեգորգերը փռված են. Ազգային ժողովում պատրաստվում են դիմավորել նոր պատգամավորներին

ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս նրանց գործունեությունը և ծրագրերը կբխեն Հայաստանի և Արցախի հանրապետությունների, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների և համայն հայության շահերից:

Նշենք, որ ԿԸՀ–ի նախնական տվյալներով, ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48.63%–ը։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է ձայների 4.70%–ը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը` 0.68%–ը, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը` 3.89%–ը, «Իմ քայլը» դաշինքը` 70.43%–ը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6.37%–ը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0.51%–ը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը` 0.33%–ը, «Մենք» դաշինքը` 2. 00%–ը, «Օրինաց երկիր» կուսակցությունը` 0.99%, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը` 1.82%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 8.27%–ը։