«Ես քո կլասիկ ցավը տանեմ». Էդմոն Մարուքյանն անակնալ նվեր է գտել գրասեղանին

Բացի Մարուքյանից, նվերը հաստատ դուր է եկել նաև նրա էջի բաժանորդներին, որովհետև լուսանկարի հրապարակմանը հաջորդել է մեկնաբանությունների տեղատարափը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին զվարճալի նվեր են մատուցել, որը նա անմիջապես լուսանկարել է և հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Եկա գրասենյակ, ասացին` անակնկալ նվեր ունեմ»,– լուսանկարին կից գրել է նա։

Նրա հրապարակմանը հաջորդել են բաժանորդների մեկնաբանությունները։ «Սրանով միայն կլասիկ թեյ խմեք»,– խորհուրդ է տվել նրանցից մեկը։ Մեկ ուրիշն էլ ավելացրել է. «Ինչ պոզիտիվ եք, ապրեք դուք, ես լինեի, կմտածեի` Ծառուկյանն ա կողքի սենյակից կոմպլիմենտ ուղարկել»։

Լուսանկարն արդեն ավելի քան 2 հազար «լայքի» է արժանացել։

Հիշեցնենք, որ բաժակին գրված արտահայտությունը թևավոր խոսք դարձավ ԱԺ ընտրությունից առաջ, երբ  քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների առաջին համարները բանավիճելու նպատակով հավաքվեցին Հանրային հեռուստատեսությունում ։ Մարուքյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բանավեճի ժամանակ պատգամավորն ասաց, որ ինքը կլասիկ պատգամավոր է, իսկ Ծառուկյանն էլ ավելացրեց. «Ես քո կլասիկ ցավը տանեմ»։