Պաշտպանության նախարարությունը միլիոններ է վճարել չկատարված ծառայությունների դիմաց

2013-15 թվականներին ՀՀ ՊՆ–ն մի շարք պայմանագրեր է կնքել` հիմնականում նույն կազմակերպությունների հետ, վճարել է, բայց պայմանագրերի կետերը մնացել են չկատարված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Պաշտպանության նախարարությունը տարիներ շարունակ միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել ինչ–որ ընկերությունների հետ, վճարել դրանց, բայց պայմանագրային պարտավորություններն այդպես էլ չեն կատարվել։ Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` ներկայացնելով ՀՀ Զինվորական դատախազության իրականացրած ուսումնասիրություններով բացահայտված որոշ փաստեր։

Այսպես, օրինակ, միևնույն տեխնիկական միջոցի տարբեր մասերի վերանորոգման համար 2013-2015թթ․ նույն կազմակերպության հետ ՊՆ–ն կքնել է 3 պայմանագրիր, որոնցով տվյալ կազմակերպությանը վճարվել է 220 մլն դրամ։ Բայց տեխնիկական միջոցը մինչ օրս անսարք վիճակում է և շահագործման համար ոչ պիտանի։

Ընդ որում` ՀՀ ՊՆ պաշտոնյաները ոչինչ չեն ձեռնարկել պայմանագրերի իրականացման, կամ գումարները հետ գանձելու համար։

Դատախազությունը ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված փաստերն ուղարկել է Քննչական կոմիտե` քննության ու մեղավորներին պարզելու համար։

Ի դեպ, մինչ այդ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր նույն սցենարով 1 միլիարդ 317 միլիոն դրամի պայմանագրերի չկատարման մասին։ Դրանցով 4 ընկերություններ ավելի քան 620 միլիոն դրամի կանխավճար էին ստացել ու չէին կատարել իրենց պարտավորությունները։

Բոլոր կազմակերպությունները նախազգուշացվել էին հայտնաբերված խախտումների վերաբերյալ։