ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը, Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ռեփեր Դրեյքի հնչեցրած բազմաթիվ սպառնալիքների մասին։
Ռեփերներ Քանյե Ուեսթի և Դրեյքի վեճը սկսվել է Pusha T–ի թրեքից, որում նա պատմում է, թե Դրեյքը որդի է ունեցել նախկին պոռնոաստղից։ Դրեյքը կարծել է, թե այդ տեղեկությունը նրան հայտնել է Քանյեն, թեև Ուեսթը հերքում է դա։
Դրանից հետո, Դրեյքը, Քանյեի խոսքով, երկրպագուների հարձակում է կազմակերպել Pusha T–ի վրա` այդպիսով պատասխանելով իր հասցեին հնչած վիրավորանքներին։ Ի դեպ, երկրպագուներից մեկը, որը զանգվածային ծեծկռտուքի կենտրոնում է հայտնվել, այժմ ծայրահեղ ծանր վիճակում է դանակի հասցրած վնասվածքների պատճառով։
Ուեսթը Դրեյքին հիշեցրել է նաև նրա ստեղծագործությունների երկիմաստ տեքստերի մասին, որոնցում ծաղրի են ենթարկվում Քանյեն ու նրա ընտանիքի սովորույթները։ Քարդաշյանի ամուսինն ավելի քան 80 թվիթ է գրել, որոնցում ներկայացրել է ռեփերին ուղղված պահանջները։
«Եթե իմ կամ ընտանիքիս հետ որևէ բան պատահի, Դրեյք, դու գլխավոր կասկածյալն ես, այնպես որ լեզուդ ատամներիդ տակ պահիր», – եզրափակել է Քանյեն։
Հարկ է նշել, որ ավելի վաղ Դրեյքն Ուեսթին վերաբերվում էր որպես կուռքի։ Նա բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իր արվեստի վրա մեծ ազդեցություն է ունեցել Քանյե Ուեսթը, և որ առանց նրա ինքը հազիվ կարողանար հաջողության հասնել երաժշտական կարիերայում։