Հարկ եղած դեպքում պատրաստ եմ կրկին իմ ծառայությունը բերել բանակին. Մնացականյանի ուղերձը

Լևոն Մնացականյանը հավաստիացրել է, որ իր համար մեծ պատիվ էր տարիներ շարունակ զինակցել բոլոր այն շարքայիններին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և գեներալներին, ովքեր իրենց բարեխիղճ ծառայությամբ օրեցօր ամրապնդել ու հզորացրել են մեր պաշտպանական համակարգը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Արցախի արդեն նախին ՊՆ Լևոն Մնացականյանը պաշտոնը թողնելուց առաջ ուղերձով դիմել է ՊԲ անձնակազմին։ Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։

Հայտնի է` ով է փոխարինելու Լևոն Մնացականյանին. տեսանյութ

«Այսօր ես թողնում եմ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը: Անչափ հպարտ եմ, որ ծառայել և հարկ եղած դեպքում պատրաստակամ եմ լինելու կրկին իմ ծառայությունը բերել այն բանակի շարքերում, որն իր մարտունակությամբ եղել է, կա և շարունակելու է մնալ մեր ժողովրդի պաշտպանության և անվտանգության գլխավոր երաշխավորը:  Ուզում եմ նաև հավաստիացնել, որ իմ համար մեծ պատիվ էր տարիներ շարունակ զինակցել բոլոր այն շարքայիններին, սերժանտներին, ենթասպաներին, սպաներին և գեներալներին, ովքեր իրենց բարեխիղճ ծառայությամբ օրեցօր ամրապնդել ու հզորացրել են  մեր պաշտպանական համակարգը: Լիահույս եմ, որ այսուհետ ևս ձեր յուրաքանչյուրիդ մոտ իշխելու է մեր երկիրն առավել պաշտպանված ու անվտանգ պահելու անկոտրում կամքն ու վճռականությունը: Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող և, որ շատ կարևոր է՝ հայրենյաց պաշտպանի առաքելությանը հավատարիմ»,–գրել է Մնացականյանը:

Նա իր շնորհակալությունն է հայտնել բոլորին` արդյունավետ ծառայության համար։

Դեկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը ՊԲ շտաբում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին են ներկայացվել նախագահի մի շարք հրամանագրեր, համաձայն որոնց ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Լևոն Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար է նշանակվել ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Նախագահի մեկ այլ հրամանագրով ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ- շտաբի պետ է նշանակվել գնդապետ Ջալալ Հարությունյանը:

Լևոն Մնացականյանը պաշտոնից ազատվելու դիմում չի գրել. Tert.am

 Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 14–ին, Բակո Սահակյանը պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ Կարեն Աբրահամյանին:Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Լևոն Մնացականյանին հանրապետության պաշտպանության և անվտանգության գործում մատուցած ծանրակշիռ ավանդի համար, շնորհավորել Կարեն Աբրահամյանին և Ջալալ Հարությունյանին բարձր ու պատասխանատու պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջիններս էլ ավելի կբարձրացնեն բանակի մարտունակության աստիճանը:

ՊԲ շտաբում տեղի ունեցած խորհրդակցությանը հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում մասնակցում էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: