Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Արցախի Հանրապետության նախագահը կադրային հարցերով մի շարք այլ հրամանագրեր էլ է ստորագրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Լևոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Հարկ եղած դեպքում պատրաստ եմ կրկին իմ ծառայությունը բերել բանակին. Մնացականյանի ուղերձը

Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:Հիշեցնենք, որ Բակո Սահակյանի մեկ այլ հրամանագրով՝ Լևոն Մնացականյանն այսօր ազատվել էր ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից:Նախագահի մյուս հրամանագրով Արցախի պաշտպանական գերատեսչության նոր ղեկավար է դարձել Կարեն Աբրահամյանը, ում այսօր Բակո Սահակյանը ներկայացրել է Պաշտպանության բանակի հրամկազմին:

Արցախի Հանրապետության նախագահը կադրային հարցերով մի շարք այլ հրամանագրեր էլ է ստորագրել։

Նախագահի հրամանագրով՝ գնդապետ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N 42009 զորամասի հրամանատարի պաշտոնից։

Նախագահի հաստատած կառավարության որոշմամբ` Կարեն Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից:

Նախագահի հրամանագրով՝ Մուրադ Պետրոսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, իսկ Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով: