«ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի արել». Լուկաշենկոն` ղարաբաղյան հակամարտության մասին

Միայն Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները կարող են լուծել ղարաբաղյան հակամարտությունը, համոզված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Մինսկի խումբն այս տարիների ընթացքում ոչինչ չի արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում ռուսական ԶԼՄ–ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն անվտանգության հարցեր են քննարկել

Ինչպես հաղորդում է Sputnik Բելառուսը, Լուկաշենկոն համոզված է, որ հակամարտությունն անհնար է լուծել առանց Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև պայմանավորվածություն ձեռք բերելու։

«Լեռնային Ղարաբաղի հարցով Մինսկի խումբը ոչ մի բան չի արել այս տասնամյակների ընթացքում և չի անի, քանի դեռ երկու նախագահները (Հայաստանի և Ադրբեջանի` խմբ.) չնստեն և չասեն. «Եկեք լուծենք խնդիրը հօգուտ մարդկանց»», – ասել է Լուկաշենկոն։

Նշենք, որ մամուլի ասուլիսի ընթացքում Լուկաշենկոն մեկնաբանել է նաև Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային համակարգ վաճառելու իրավիճակը` հավաստիացնելով, որ դա ոչ մի դեպքում քայլ չէ Հայաստանի դեմ։