Սարսափելի դեպք Երևանի կենտրոնում. կնոջը երկու անգամ վրաերթի են ենթարկել

Հետիոտնին վրաերթի է ենթարկել ՊՆ համարանիշներով ավտոմեքենան, հետո մեկ այլ ավտոմեքենա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 60-65 տարեկան կնոջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Վարորդը զանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և մինչ շտապօգնության ժամանելը նա փորձել է օգնել կնոջը, բայց դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են. «Kia-ի վարորդն իջավ ավտոմեքենայից, մոտեցավ գետնին ընկած կնոջն ու փորձում էր օգնություն ցուցաբերել, երբ վերևից սպիտակ գույնի Range Rover, որի համարները չհասցրեցինք տեսնել, մեծ արագությամբ անցավ գետնին ընկած կնոջ վրայով, իսկ Kia-ի շոֆեռը հազիվ կարողացավ փախնել Ռենջի առաջից»։

Քանի որ Kia-ն հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, դեպքի փաստով քննությունը վարում է Ռազմական Ոստիկանությունը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը, ինչպես նաև ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Range Rover-ն ու նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։