ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել կալանքի որոշումը Վճռաբեկ դատարանում։
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից` հավելելով, որ ստացել են Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դեկտեմբերի 7-ի որոշումը։
«Այս պահին պաշտպաններն աշխատում են միաժամանակ նաև Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ուղղությամբ»,– հայտնում են գրասենյակից։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, դեկտեմբերի 7-ին կայացրած որոշմամբ մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Այս որոշման համաձայն` նույն օրը երեկոյան ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվել էր։
Հիշեցնենք, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Քննչական մարմինը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։
Առաջին ատյանի դատարանը Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը Քոչարյանին ճանաչել էր անձեռնմխելի և ազատել կալանքից:
Ավելի ուշ քրեական գործի նախաքննությունը վարող ՀՔԾ քննիչը որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին:
Իսկ Վճռաբեկ դատարանը փաստաբանների բողոքի հիման վրա որոշում էր կայացրել գործն ուղարկել լրացուցիչ քննության։