Փաշինյանն ու Բախտաձեն զրուցել են հեռախոսով

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան։ Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում հայտնում է, որ Բախտաձեն այս մասին ասել է Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Բախտաձեն շնորհավորել է Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և դրանցում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը հետագա գործունեության մեջ և Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի իրականացման գործում:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մամուկա Բախտաձեին շնորհավորանքի համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները կշարունակեն արդյունավետ փոխգործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ պետությունների զարգացման և ժողովուրդների բարեկեցության:

Հիշեցնենք, որ վրացական պատվիրակությունը` Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորությամբ, Երևան էր եկել սեպտեմբերի 10-ին։ Դրանից առաջ` մայիսի 30-ին, Փաշինյանն էր պաշտոնական այցով մեկնել Թբիլիսի։