Բաքվին «Պոլոնեզ» վաճառելը Հայաստանի դեմ ուղղված քայլ չէ. Բելառուսի նախագահ

Լուկաշենկոյի խոսքով` «Պոլոնեզներ» առաջարկել են նաև Հայաստանին, բայց նրանք ռուսական «Իսկանդեր» ունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանին «Պոլոնեզ» համազարկային կրակի հրթիռային համակարգ վաճառելը ոչ մի դեպքում Հայաստանի դեմ ուղղված քայլ չէ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Լուկաշենկոն հիշեցրել է, որ նա հայկական կողմին ևս առաջարկել է համալիրը գնել, բայց նրանք հրաժարվել են։

Լուկաշենկոն ներողություն է խնդրել Փաշինյանից

«Հայաստանը ռուսական «Իսկանդեր» համալիր ցուցադրել է անկախության շքերթին։ Այն մոտավորապես այնպիսին է, ինչպեսին մերը», – նշել է Լուկաշենկոն` ավելացնելով, որ Ադրբեջանին սպառազինություններ վաճառելու ոլորտում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը, նրան հետևում է Իսրայելը։

Նրա խոսքով` Բելառուսը չորրորդ տեղում է։

Նշենք, որ 2018թ.–ի ամռանը հայտնի է դարձել, որ Բելառուսը Ադրբեջանին է վաճառել «Պոլոնեզ» համակարգ։ Սեպտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ստացել է «Պոլոնեզի» նոր խմբաքանակ։

Հայաստանը «Իսկանդեր» օպերատիվ–մարտավարական համալիրներ է ստացել 2016թ.–ին։