Լուկաշենկոն ցանկանում է պառակտում մտցնել Հայաստանի քաղաքական դաշտում. փորձագետ

Բելառուսի նախագահը ղարաբաղյան հակամարտությունՆ օգտագործում է ` հայկական իշխանությունների վարկանիշը գցելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ցանկանում է պառակտում մտցնել Հայաստանի ներքաղաքական դաշտում, Sputnik Արմենիային ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ, քաղաքագետ Կարեն Վերանյանը` մեկնաբանելով Արցախի մասին Բելառուսի նախագահի հայտարարությունը։

«Սերժն ասաց` ոչ, մենք դրան չենք գնա». Լուկաշենկոն խոսել է ղարաբաղյան հակամարտության մասին

Ավելի վաղ Լուկաշենկոն ԶԼՄ–ներին ասել էր, որ Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովներից մեկի ժամանակ, երբ Հայաստանի նախագահը եղել է Սերժ Սարգսյանը, նա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իբր առաջարկել են հայ գործընկերոջը հակամարտության կարգավորման ուղի, մասնավորապես, Ադրբեջանին «հանձնել» 5 շրջաններ։ Փոխարենը, Լուկաշենկոյի խոսքով, խոստացել են անհրաժեշտությամբ դեպքում ռազմական ստորաբաժանում մտցնել` խաղաղության որոշակի երաշխիքներ ապահովելու համար։ Սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է։

«Լուկաշենկոյի ձեռագիրը նոր չէ։ Ինչպես գլխավոր քարտուղարի հարցում, այնպես էլ այլ հարցերում Լուկաշենկոն և Նազարբաևը պաշտպանում են այն երկրների շահերը, որոնք ՀԱՊԿ անդամ չեն։ Խոսքը, մասնավորապես, Թուրքիայի և Ադրբեջանի մասին է», – ասաց Վերանյանը։

Քաղաքագետի խոսքով` նրանց նպատակն է ևս մեկ անգամ փորձել օգտագործել ղարաբաղյան հակամարտությունը, հայ-ռուսական հարաբերությունները` Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության դեմ և նրա վարկանիշի վրա բացասական ազդեցություն ունենալու համար։

Իր հայտարարությամբ Լուկաշենկոն փորձում է լարվածություն ստեղծել, պառակտում մտցնել Հայաստանի ներքաղաքական դաշտում։

«Նա փորձում է բացասական ֆոն ստեղծել Հայաստանի շուրջ և երկրի ներսում, խթանել նախկին և ներկա իշխանությունների միջև լարվածությանը», – նշեց Վերանյանը։

Բացի այդ, փորձագետը կարծում է, որ Բելառուսի նախագահի նման հայտարարություններն ուղղված են Ռուսաստանին։ Երկու երկրների հարաբերություններում կան շատ խնդիրներ, Լուկաշենկոն բաց չի թողնում առիթը վեր հանելու այդ հարցերն ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում։

Բաքվին «Պոլոնեզ» վաճառելը Հայաստանի դեմ ուղղված քայլ չէ. Բելառուսի նախագահ

Նա կարծում է, որ հայկական կողմը, ամենայն հավանականությամբ, կպատասխանի այդ հայտարարություններին։ Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարող է մեկնաբանել դրանք ճեպազրույցի ընթացքում, բայց հատուկ ուշադրություն չի լինի այդ հարցի նկատմամբ։

Մոսկվայում լավ հասկանում են, թե ինչու է Լուկաշենկոն նման սկանդալային հայտարարություններ անում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6–ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի վերաբերյալ և տեղեկացրել, որ կազմակերպությունը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը հերքել էր` պարզաբանելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։