ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կրկին վերահաստատել է` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը:
Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթերի» իր միկրոբլոգում:
«Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»,- գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք` Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր Բաքվում ասել է, որ զգացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունները վերսկսելու տրամադրվածությունը։
Փաշինյանն օրերս հայտարարել է, որ Հայաստանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը, սակայն դրա համար պետք է ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։
1992թ–ից հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները վարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։