Ջավախքի հայերը փակուղու մեջ են և չեն կարող Հայաստանից վերադառնալ Վրաստան

Ջավախահայերը չեն կարողանում մեկնել Հայաստանից. նրանց համերկրացիները սահմանին փակել են հսկիչ անցակետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Վրաստանի Սամցխե–Ջավախքի հայաբնակ շրջանի ավելի քան 70 բնակիչներ արգելափակել են Նինոծմինդա–Բավրա հսկիչ անցակետը հայ–վրացական սահմանին` բողոքելով Հայաստանում իրենց համերկրացիներին պահելու դեմ բողոքի։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Նինոծմինդա և Ախալքալաք շրջանների մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը։

Փաշինյանն ու Բախտաձեն զրուցել են հեռախոսով

Խնդիրն այն է, որ Ջավախքի 10 էթնիկ հայեր, որոնք կրկնակի քաղաքացիություն ունեն (Հայաստանի և Վրաստանի), մնացել են Հայաստանում և չեն կարող տուն հասնել Ռուսաստանից վերադառնալուց հետո։

Նշենք, որ 2000–ականների կեսերին վրաց–ռուսական հարաբերությունների սրացումից հետո, որի հետևանքով երկրների միջև հաստատվել է վիզային ռեժիմ, Վրաստանի շատ հայազգի քաղաքացիներ սկսել են երկրորդ քաղաքացիություն ստանալ պատմական հայրենիքում` Հայաստանում, որպեսզի Երևանով անարգել մեկնեն Ռուսաստան` արտագնա աշխատանքի։

Նախկինում հայ–վրացական սահմանը հատելիս վրացական անձնագրի հետ խնդիրներ չեն ծագել, սակայն այս անգամ մի խումբ քաղաքացիների առաջ ծառացել է Հայաստանի զինված ուժերում զինվորական ծառայություն անցած չլինելու հարցը։ Դատելով ամեն ինչից` Հայաստանում նրանց պահելը հիմնավորվում է փաստաթղթերի, ավելի ճիշտ` զինվորական գրքույկի բացակայությամբ։ Sputnik Արմենիային չի հաջողվել ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ։

«Հայերին ու ոչ հայերին չենք առանձնացնում». Լարսն` իր հավերժական խնդրով

Հիշեցնենք, որ անցած տարի Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն Հայաստանի արական սեռի 18-27 տարեկան քաղաքացիները չեն կարող դուրս գալ երկրից, եթե չեն ծառայել բանակում։

Մկոյանի խոսքով` նախկինում ջավախահայերը երբեք չեն բախվել նման խնդրի հետ։

«Փաստաթղթերի մի մասը ստացել են նախկին իշխանությունների օրոք։ Այդ ժամանակ նրանց ասել են, որ փաստաթղթերն օրինական են։ Սակայն այսօր նրանք խնդրի առաջ են կանգնել. մոտ տասը մարդու պահում են Հայաստանում, այդ իրավիճակի պատճառով մոտ 100 մարդ վախենում է Հայաստանով գնալ Վրաստան, քանի որ կարող է հայտնվել նույն իրավիճակում», – ասաց Մկոյանը։

Նրա խոսքով` այսօր Ջավախքի երիտասարդությունը փակել է սահմանը` ի նշան համերկրացիների հետ համերաշխության, որոնք չեն կարողանում Հայաստանից վերադառնալ տուն։ Մկոյանը նշեց` դիմել է ակտիվիստներին` խնդրելով չփակել սահմանը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա բողոքեց, որ չգիտի` ում հետ կարող է կապվել Հայաստանում` այդ հարցը վերջնականապես լուծելու համար։