ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ ներողություն է խնդրել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ առաջացած խառնաշփոթի համար։ Այս մասին հայտնում է Sputnik Բելառուսը։
«Ես ներողություն եմ խնդրել ոչ թե Պուտինից այլ Նիկոլից (Նիկոլ Փաշինյանց)` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ առաջացած խառնաշփոթի համար»,– ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ խառնաշփոթ սարքելով` ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ներքաշել է ներհայաստանյան քաղաքական հարցերի քննարկման մեջ։ Իսկ ինքը Փաշինյանից ներողություն է խնդրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ առաջացած աղմուկի համար` հավելելով, որ դրա հեղինակը ոչ թե Մինսկն է եղել, այլ հենց Հայաստանը։
«Խնդիրը ոչ թե մենք ենք ստեղծել, այլ Փաշինյանը»,– ասել է Լուկաշենկոն։
Ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ փակ քննարկման ժամանակ` Բելառուսի նախագահը հայտնել է, որ և՛ ՌԴ, և ՛ Ղազախստանի նախագահները Փաշինյանին նույն հարցն են տվել` ինչո՞ւ ինքը չի զանգել ու չի քննարկել հարցը Յուրի Խաչատուրովին ձերբակալելուց առաջ։ Բելառուսի նախագահի խոսքով` այնուամենայնիվ, երբ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է իրեն, ինքը հարցրել է, թե ինչու է «Խաչատուրովին ձերբակալել քաղաքական դրդապատճառներով»։
«Ես ասացի, որ ես չեմ ընդունում, երբ ձերբակալում են քաղաքական դրդապատճառներով»,– ասել է Լուկաշենկոն` միաժամանակ հավելելով` համոզված է, որ ՀԱՊԿ-ի հեղինակությունը բարձրացնելու համար այդ կառույցի ղեկավարությունը պետք է ստանձնեն երիտասարդ, տաղանդավոր գեներալները և ոչ թե թոշակի տարիքի հասած չինովնիկները։
ՀԱՊԿ քարտուղարի թեման այնքան բուռն է եղել, որ հետո բոլորը բոլորից ներողություն են խնդրել
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6–ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտնել էր, որ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման մեխանիզմի վերաբերյալ և տեղեկացրել, որ կազմակերպությունը կգլխավորի Բելառուսի ներկայացուցիչը։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը հերքել էր` պարզաբանելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի որոշվել։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։