ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍԾՏՀ) չպետք է քաղաքական մարտերի և հաշիվներ պարզելու դաշտ լինի։Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 39-րդ նիստում, որն անցկացվում է Բաքվում։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ ՍԾՏՀ–ն առաջին հերթին տնտեսական հարցերով է զբաղվում, և նա կոչ է արել հարգել կազմակերպության մանդատը։
«Համոզված եմ, որ կազմակերպությունը չպետք է քաղաքական մարտադաշտ լինի, առավել ևս հաշիվ մաքրելու հարթակ։ ՍԾՏՀ–ն հստակ սահմանված տնտեսական ուղղվածություն ունի, և այդ կարգավիճակը պետք է հարգել», – ընդգծել է նախարարը։
Լավրովը նշել է, որ վերջին ժամանակաշրջանում Սևծովյան տարածաշրջանի իրավիճակը դեգրադացիայի է ենթարկվել։
«Պետք է այդ միտումը փոխել և աշխատել, որ Մերձսևծովյան շրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման գոտու վերածվի», – ասել է Լավրովը։
Սևծովյան տնտեսական համագործակցությունը (ՍԾՏՀ), հիմնադրվել է 25 տարի առաջ` 1992թ.–ին։ Կազմակերպությանն անդամակցում են Սևծովյան տարածաշրջանի 12 պետություններ` Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Սերբիան։