Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատվել է հանձնաժողովում

Այժմ ակնկալվում է Սենատի հաստատումը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի — Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչպես նաև Իրլի Լիտցենբերգերի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Այս գրառում է արվել Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի Facebook-ի էջում: Հանձնաժողովի տարածած տեղեկույթի մեջ նշված է, որ իրենք ակնկալում են Սենատի կողմից Թրեյսիի թեկնածության հաստատումը, որին կհաջորդի Հայաստանում նրա առաքելության մեկնարկը:

Ավելի վաղ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում Թրեյսին հայտարարել էր, որ Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել երկրի անկախ պետականությունը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախկին դեսպան ն Ռիչարդ Միլսը նշանակվել էր այս պաշտոնում 2015 թվականի փետրվարին: Երդմնակալության արարողությունը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին Վաշինգտոնում:

Նշենք, որ Միացյալ Նահանգներն արտերկրում ներկայացնող դեսպանները առաջադրվում են նախագահի, սակայն հաստատվում Սենատի կողմից: 24 տարվա հանրային ոլորտում աշխատանքի փորձ ունեցող Լին Թրեյսին ԱՄՆ-ի Պետքարտուղարության Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր: Նախկինում զբաղեցրել է Ռուսաստանում ու Թուրքմենստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնը, եղել ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Հարավային և Կենտրոնական Ասիայի երկրների գծով: