ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է ԱՄՆ դեսպանատանը` Հայաստանը անվտանգ է բոլորի համար

ՀՀ ոստիկանությունը հիշեցնում է. որ իրենք ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությանն ի պատասխան ասում է, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս։

ԱՄՆ դեսպանատան տագնապալի հայտարարությունը. որտեղի՞ց ծայրահեղականներ անվտանգ ՀՀ–ում

«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար և գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո:

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երևանը, և ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները և անում են ամեն ինչ` այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության»,–ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը զգուշության կոչ էր արել տոնական օրերին մեր երկիր այցելող իր քաղաքացիներին: