ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը կաջակցի Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության դրական դինամիկային։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով երկու երկրի արտգործնախարարների ղեկավարների հայտարարությանն ու Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի` ԱՊՀ գագաթնաժողովում կայացած հանդիպմանը։
«Երկխոսությունը կա, այս դեպքում պաշտոնական հայտարարության կարիք չկա։ Կայացած հանդիպումներից ու փաստաթղթերի ընդունումից հետո ակնհայտ է, որ երկխոսություն կա և շարունակվում է։ Մենք համանախագահ երկիր ենք, ուստի ակտիվորեն կաջակցենք գլխավոր նպատակի դրական դինամիկային, ինչի մասին բազմաթիվ անգամ ենք հայտարարել»,– ասել է Զախարովան։
Լրագրողները հետաքրքրվել են` իսկ ղարաբաղյան հակամարտության հարցը կքննարկվի՞ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ, որը նախատեսված է դեկտեմբերի 13-ին, Զախարովան վստահեցրել է, որ այդ հարցը չի շրջանցվի։
«Ղարաբաղյան հակամարտության թեման միշտ էլ կենտրոնական հարց է ռուս նախարարի շփումների և այցերի ընթացքում` և՛ Բաքվում, և՛ Երևանում։ Այդ թեման հիմնական է երկու կողմի համար, և Ռուսաստանն այդ գործընթացի համանախագահն է»,– նշել է Զախարովան։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են նորից հանդիպել 2019 թվականի սկզբին։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ Սանկտ Պետերբուրգում մտքեր է փոխանակել Իլհամ Ալիևի հետ, խոսել են գերիների փոխանակման մասին, բայց պայմանավորվածություններ չեն եղել։