Լևոն Մնացականյանը պաշտոնից ազատվելու դիմում չի գրել. Tert.am

Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների մասին լուրերը հերքվում են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի- Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր պաշտոնից ազատվելու մասին դիմում չի գրել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Լևոն Մնացականյանը:

Ի պատասխան հարցին, թե լուրեր են շրջանառվում իր պաշտոնանկության վերաբերյալ, Լևոն Մնացականյանն արձագանքել է. «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ: Ես իմ պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել»:

Իր հերթին Sputnik Արմենիայի հետ զրույցում, պատասխանելով որոշ պաշտոնյաների պաշտոնաթողությանը վերաբերող շրջանառվող լուրերի մասին հարցին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հորդորեց առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով:

«Ես խորհուրդ եմ տալիս առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով: Բացեք մեր պաշտոնական կայքը, տեսեք՝ կա՞ նման բան, թե՞ ոչ»,-ասաց Դավիթ Բաբայանը: