Վիճաբանություն Երևանի դպրոցներից մեկում. աշակերտներից մեկը վնասվածքներ է ստացել

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Երևանի թիվ 48 դպրոցում աշակերտների մեջ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով 13–ամյա մի աշակերտ վնասվածքներ է ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։

Արարատում 36-ամյա տղամարդ է դանակահարվել. քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում

«Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ մայրաքաղաքի թիվ 48 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում դանակահարել են անչափահասի: Հարկ է նշել, որ 10.12.2018թ. ժամը 12:55-ին թիվ 16 մանկական պոլիկլինիկայից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել 2005թ.–ին ծնված անչափահաս Գ.-ն` ձախից կրծքավանդակի սալջարդ որովայնի բութ տրավմա ներքին օրգանի վնասվածքով: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է թիվ 48 դպրոցում ընկնելու հետևանքով»,–գրել է նա:

Սակայն նույն օրը ժամը 22:30-ին «Մուրացան» Բ/Կ որովայնի բութ վնասվածք արյունահոսություն վնասվածքով կրկին բուժօգնության է դիմել նույն անչափահասը: Վերջինս դարձյալ հայտնել է, որ վնասվածքը ստացել է թիվ 48 դպրոցում ընկնելու հետևանքով:

«Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները պարզել են, որ 10.12.2018թ-ին, ժամը 10:30-ի սահմաններում, թիվ 48 դպրոցում մի խումբ անչափահասների միջև տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշուկ, որի ընթացքում անչափահաս Պ.-ն ոտքով հարվածել է անչափահաս Գ.-ին, ինչի արդյունքում վերջինս ստացել է վնասվածք»,–գրել է Նելլի Դուրյանը։

Նրա տեղեկացմամբ` նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: