Կալանավորներին տեղափոխող մեքենան Արթիկում վրաերթի է ենթարկել 2 դպրոցականի

Վրաերթից հետո մեքենան բախվել է պատին։ Տուժածներից մեկը կալանավոր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Գյումրի քաղաքի բնակիչ, 36-ամյա Չապլին Մարտիրոսյանը իր վարած УАЗ մակնիշի 017 II 09 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վրաերթի ենթարկել Արթիկ քաղաքի բնակիչներ, 14-ամյա Արմեն Նահապետյանին և 13-ամյա Սեյրան Արշակյանին:

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր` դեկտեմբերի 13-ին, ժամը 15:40-ի սահմանում։

Վրաերթից հետո մեքենան բախվել է Նարեկացի փողոցի 29 հասցեի բետոնե ցանկապատին, ինչի հետևանքով վրաերթի ենթարկված երեխաները, վարորդ Չ. Մարտիրոսյանը և УАЗ-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 49-ամյա Կարախան Բարսեղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Ուղևորներից մեկն էլ` 29-ամյա Վրույր Հակոբյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի քրեակատարողական հիմնարկի բուժկենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ УАЗ-ի վարորդն աշխատում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակում, վրաերթի ենթարկված երեխաները սովորում են Արթիկի 6-րդ միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում, իսկ վիրավոր Վ. Հակոբյանը կալանավոր է:

Վիրավոր Կ. Բարսեղյանն էլ աշխատում է ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակում՝ որպես 2-րդ ջոկի հրամանատար: