Ողբերգական ավտովթար Սյունիքում. բախվել են Opel-ն ու ավտոբուսը. կան զոհեր և վիրավորներ

Վիրավորներին օգնության են հասել քաղաքացիները, մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը:

Մահացածները եղել են մարդատար ավտոմեքենայում. մանրամասներ Սյունիքի ավտովթարից

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, մի քանիսին էլ մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սիսիանի Աղիտուի զինվորական հոսպիտալ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մահացածներին էլ ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Ըստ կայքի` ճանապարհը ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչն էլ դարձել է ողբերգական ավտովթարի պատճառ: