Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետը կմնա կալանքի տակ

Պետությանը 6 մլն դոլար տալու պատրաստակամությունը չօգնեց Վաչագան Ղազարյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը:

Ղազարյանի պաշտպանները պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան:

Սերժ Սարգսյանի նախկին թիկնապահը պատրաստ է 6 մլն դոլար նվիրել պետությանը. հայտարարություն

Նշենք, որ դեկտեմբերի 12-ին Վաչագան Ղազարյանը հայտարարություն էր տարածել և բացատրել, թե ումն են իրականում իրեն վերագրվող գումարները։ Նա հայտարարել է, որ պատրաստ է 6 մլն դոլար նվիրել պետությանը։

Հիշեցնենք` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ`նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ամուսիններ Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը փաստացի տնօրինել են «Յանս» համալիրի գործունեությունից ստացված շահույթը: Վերջիններս 2013 թվականից մինչև 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում կազմակերպել են նշված համալիրի գործունեության հետ կապված առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 771 մլն ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելը:

«Մեղադրյալի աթոռին հայտնվել է նաև Վաչոյի եղբորորդին՝ Աշոտ Ղազարյանը. «Ժողովուրդ»

Վերը նշված փաստական տվյալների համաձայն` Վ. Ղազարյանն ու Ռ. Բեգլարյանը, նպատակ ունենալով թաքցնել կամ խեղաթյուրել այդ դրամական միջոցների հանցավոր ծագումը, գործելով նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցները փոխարկել են (կոնվերտացրել)՝ դրանք որպես ավանդ ներդնելով ՀՀ-ում գործող տարբեր բանկերում և հաշվեգրվող տոկոսագումարների ձևով ստացել եկամուտներ, ինչպես նաև նշված դրամական միջոցներով ձեռք են բերել անշարժ գույքեր, որոնք հանձնել են վարձակալության և եկամուտներ ստացել:

Վաչագան Ղազարյանը ձերբակալվել էր գումարը կանխիկացնելուց հետո բանկից դուրս գալու պահին։ Նախաքննական մարմնի միջնորդությամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանքը, որն ավելի ուշ Վերաքննիչ դատարանը փոխարինել էր 1 միլիարդ դրամի գրավով։

Ապա Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողել Վաչագան Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը:

Կալանքի առավելագույն 2 ամիս ժամկետը լրանալուց հետո նախաքննական մարմինը դարձյալ միջնորդությամբ դիմել է առաջին ատյանի դատարան` այն ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ։