Ռուսաստանը գազի գինը չի փոխի մինչ բանակցությունների ավարտը. Բաղրամյան

Գազը Հայաստան կհասնի նախկին գնով, մինչև ՀՀ–ն ու Ռուսաստանը նոր գնի մասին պայմանավորվածության կհասնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի հետ գազի սակագնի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են, մինչ դրանց ավարտը Ռուսաստանը Հայաստանի համար չի փոխի գազի գինը։ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն այս մասին ասաց լրագրողներին։

Գազի կռիվ փոքր Հայաստանում. հարկը հայկական է, գազը` ռուսական

Մինչ բանակցությունների ավարտը (երբ էլ դրանք ավարտվեն) ուժի մեջ են մնալու գործող պայմանավորվածությունները։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գազի վերջնական գինը պարզ կլինի, երբ բանակցություններն ավարտվեն: «Հունվարի մեկից գազի գինը կպահպանվի։ Կրկնում եմ՝ եթե բանակցություններն ավարտված չլինեն, պահպանվելու է այն, ինչ այսօր ունենք», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

«Բանակցությունները, բնականաբար, ընթանում են հնարավորինս ձեռնտու գնի շուրջ», – ավելացրեց Բաղրամյանը։

Հիշեցնենք` «Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրով, «Գազպրոմի»` Հայաստանում գործող դուստր կազմակերպությունը` «Գազպրոմ Արմենիան», 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար։

Հայաստանի շարքային սպառողը գազի դիմաց վճարում է 290 դոլար, ոչ ապահով խավերը` 80 դոլար, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդները վճարում են 242 դոլար, ջերմոցային ու վերամշակող ընկերությունները` 212 դոլար։