Երևանի իշխանությունը չի «փախչի» աղբից. նոր աղբավայր կկառուցվի

Նոր աղբավայրում կլինի կենսագազով աշխատող էլեկտրակայան։ Իսկ հին աղբավայրն այգու կվերածվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Փնթի մարդիկ կամ Երևանի աղբի խնդիրը. աղբահավաքները ներկայացրել են տհաճ իրականությունը

Ծրագիրը դեռ երկու տարի առաջ էր պատրաստ։ Դրա արժեքը կազմում է 26 մլն եվրո, որից վարկային բաղադրիչը 16 մլն եվրո է: Եվրոպական բանկն այդ ծրագրի իրականացման համար 16 միլիոն եվրո վարկ էր տրամադրել։ Մնացած գումարը տրամադրվել է դրամաշնորհների տեսքով։

Այդ միջոցները կարելի էր օգտագործել մինչ 2018 թվականը։ Սակայն նախագծողի ընտրությունն ու աղբավայրի շինարարությունը հետաձգվում էր։ Իսկ մրցույթ անցկացնելու համար, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նորմերով, կես տարուց մեկ տարի է պահանջվում։

«Այդ պատճառով պայմանավորվել ենք արտասահմանցի գործընկերների հետ ու երկարացրել ենք ծրագրի հասանելիության ժամկետը, որ կարողանանք նախագծել ու կառուցել», – կառավարության նիստի ժամանակ ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

Նոր աղբավայրը հին աղբավայրի հարևանությամբ է գտնվելու։ Իսկ հինի տեղում այգի է լինելու հողը աղտոտումից պաշտպանելու համար։

Մրցույթը դեռ չի անցկացվել, բայց «GMCS-Պրահա» ընկերությունը մրցութային փաթեթն արդեն պատրաստել է։ Ընկերությունը հիմնականում նախատեսում է աղբից կենսագազի հավաքում։ Ու ոչ թե պարզապես կայրի, ինչպես հիմա են անում, այլ 1 մեգավատտանոց էլեկտրակայան կկառուցի։ Այդ ծավալը հաշվարկվել է ելնելով տարեկան 400 հազար տոննա աղբի հաշվարկից։ Այդքան աղբ է Երևանի աղբավայր բերվում մոտական շրջաններից։

Եվրոպական գումարով ուզում են Նուբարաշենի աղբավայրի երկու հատված կառուցել` 13 հա ընդհանուր մակերեսով (այսօրվանը մոտ 30 է զբաղեցնում)։